Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Վաղուց ժամանակն է, որ Իլհամ Ալիևը զանգահարի Բակո Սահակյանի՞ն

Վաղուց ժամանակն է, որ Իլհամ Ալիևը զանգահարի Բակո Սահակյանի՞ն
19.01.2016 | 11:47

Ռուսական «Вестник Кавказа» ինտերնետ պարբերականը, որ վաղուց հայտնի է իր անապական սիրով առ Բաքուն ու Իլհամ Ալիևը, «Ի՞նչ են թաքցնում Ղարաբաղում խախտումներ արձանագրող մեխանիզմները» հոդվածում արտահայտել է ինքնատիպ, բայց հակասական գաղափարներ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Պատահական չէ, որ հրապարակումը հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո՝ կառավարության նիստում, որ նվիրված էր 2015-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և այս տարվա անելիքներին: Լիակատար պարզության համար մեջբերեմ ելույթի այդ հատվածը Trend-ից. «Ցավոք, 2015-ին որևէ տեղաշարժ չեղավ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: Բանակցություններում տեղաշարժ չկա: Ընդամենը տարեվերջին տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, որը ձևական էր՝ հանդիպում հանդիպելու համար: Որովհետև 2015-ին նախագահների մակարդակով հանդիպում չէր եղել: Բայց այդ հանդիպումը բացարձակապես անօգուտ ու անարդյունք էր: Պատճառը Հայաստանն է, որ խաղաղություն չի ուզում, փորձում է հնարավորինս երկար պահպանել ստատուս քվոն, չի ուզում հեռանալ օկուպացված հողերից, բանակցություններն ընկալում է իբրև գործընթաց, զբաղվում է ժամանակ ձգելով, ուզում է հետագայում էլ բանակցությունները տեսնել իբրև անվերջ գործընթաց»: Սակայն «Вестник Кавказа»-ն շեշտը դրել է ոչ թե Ալիևի հայտարարության վրա, այլ՝ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մեկնաբանության, որ հաջորդեց Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 19-ին Բեռնում կայացած հանդիպմանը: Նա «շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հանդիպման կազմակերպման համար և բարձր է գնահատել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը», ճշտելով, որ «աշնանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվին ու Երևանին է ներկայացրել առաջարկներ, որոնք էլ Բեռնի բանակցությունների հիմքում էին»: Մամեդյարովը նկատել է, որ «այդ առաջարկները պարունակում են 2014-ին նախագահների Սոչիում, Նյու Պորտում ու Փարիզում ձեռքբերված համաձայնությունների վրա հիմնված առաջարկներ և կազմված են Մադրիդյան նորացված սկզբունքների հիմքով», ու ասել է. «Ժամանակն է սկսել խաղաղության համակողմանի համաձայնագրի նախապատրաստումը՝ հիմնված Մադրիդյան նորացված սկզբունքների վրա, որոնց աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»:
Անկեղծ ասած, REGNUM-ին ոչինչ հայտնի չէ Ղարաբաղի վերաբերյալ «Լավրովի ծրագրի» մասին և Սմոլենսկի հրապարակից որևէ պարզաբանում ստանալու մեր բոլոր փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Մեզ մատնացույց արեցին ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի խոսքերը՝ 2015-ի արդյունքները ամփոփելիս: Նա հատուկ ուշադրություն է դարձրել Լավրովի հանդիպումներին Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հետ, որոնց ընթացքում դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերի ամբողջ համալիրը: Կարասինի խոսքով՝ «Նոր տարուց հետո աշխատանքը կշարունակվի»: Նա հակամարտող կողմերին կոչ է արել «կրկնապատկել ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»՝ հղում անելով «միջազգային միջնորդների ամուր դիրքորոշմանը, արտահայտված Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայտարարություններում 2015-ի դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում»: «Կողմերը պետք է պահպանեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղված հրադադարի պահպանմանը»՝ ընդգծել է Գրիգորի Կարասինը:
Գուցե ՌԴ արտգործնախարարությունը իրոք ինչ-որ նախագիծ ունի և ակտիվ խորհրդակցություններ է վարում: Բայց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի դիրքորոշումը չներկայացնել իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշում, իսկ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը քողազերծել է Մամեդյարովի հայտարարությունը, որ «իբր Լավրովը ղարաբաղյան հարցի կարգավորման ինչ-որ առաջարկ է արել, որի համաձայն, ադրբեջանական կողմի պնդումով, «պետք է կենտրոնանալ հայկական զինված ուժերի դուրսբերման, բռնի տեղահանվածների վերադարձի և Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների միջև շփումների հաստատման վրա»: Իսկ Ադրբեջանի նախագահն ընդհանրապես իր ելույթում շրջանցեց այդ կարևոր մանրամասնը, որը վկայում է կամ ղարաբաղյան ուղղությամբ Բաքվի դիրքորոշման փոփոխություն, կամ նոր սյուժեի հայտնություն, որ Բաքուն մտադիր է կասեցնել:
«Вестник Кавказа»-ի կարծիքով՝ «Խոսքն այն մասին է, որ տարեսկզբին ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը պայմանավորվել է հակամարտության կարգավորման վրա աշխատել տասը կոնգրեսմենների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ»: Եվս մեկ մեջբերում. «Բաքվում, որտեղ գիտեն ԱՄՆ կոնգրեսմենների հայամետ առաջարկների մասին, ՈՒոռլիքի համագործակցության հեռանկարը տխրահռչակ կոնգրեսմենների հետ ոչ քիչ տագնապներ հարուցեց: Ադրբեջանական կողմի համար Կոնգրեսը վերջնականապես վարկազրկեց իրեն, երբ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Սմիթը օրինագիծ նախապատրաստեց «Ժողովրդավարության մասին Ադրբեջանում 2015-ին» վերնագրով, որը ներկայացվեց Էդ Ռոյսի գլխավորած հանձնաժողովի քննարկմանը»: «Եթե Սմիթի օրինագիծը ստանա Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աջակցությունը, մնացած հանձնաժողովներ հասնելու շանսերը կմեծանան, քանի որ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող փաստաթղթերին այդ հանձնաժողովի տված գնահատականը համարվում է հիմնարար մյուս հանձնաժողովների որոշումների համար»:
Ղարաբաղյան հակամարտության հաղթահարումը, որը չգիտես ինչու Բաքվի փորձագետները կապում են Սմիթի օրինագծի հետ, երկրորդ փուլում ծրագրում է «ղարաբաղյան կարգավորման նոր ծրագիր ներկայացնել, որը ներառում է զորքերի շփման գծից դիպուկահարների դուրսբերում, միջազգային դիտորդական խմբի մանդատի ընդլայնում, իսկ գլխավորը՝ սահմանին սարքավորումների տեղակայում, որոնք կարձանագրեն հրադադարի խախտումները»: Այս փաստից եզրակացություն է արվում, որ Վաշինգտոնը փորձում է բանակցությունների օրակարգից հանել հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայման հարցը: Չգիտես ինչու՝ նշվում են միայն ռուսական «երկնագույն սաղավարտակիրները», որոնց ներկայությունը, իբր, «ծայրահեղ անցանկալի է Երևանի համար, որն ուզում է բանակցային գործընթացը անվերջ լինի»: Սակայն (նախ և առաջ) այսօր շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման անցանկալիության մասին, որպես կանոն, խոսում են միայն հայկական ընդդիմության ներկայացուցիչները: Երկրորդ՝ խաղաղապահների թեման քանիցս քննարկվել է ղարաբաղյան բանակցային գործընթացում:
Դեռ 2009-ի օգոստոսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն ասում էր. «Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության կազմում մենք տեսնում ենք եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին»՝ հղում անելով նորացված մադրիդյան սկզբունքներին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին և մինչև այժմ սկզբունքային փոփոխությունների չեն ենթարկվել: Այն ժամանակ Բաքուն համաձայն էր Ջոն Հոպկինսի համալսարանի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ծրագրերի ղեկավար, պրոֆեսոր Ֆրեդերիկ Սթարի դրույթների հետ, որ «ԱՄՆ-ը իրավունք ունի Ղարաբաղի խաղաղապահների կազմում լինել, ի տարբերություն Ռուսաստանի, որը Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս տարածքների գրավման մասնակից է եղել, իսկ հիմա այդ գործընթացում խաղաղարար է»: Չբանավիճենք ղարաբաղյան կոնֆլիկտին Ռուսաստանի մասնակցության կամ չմասնակցության մասին, նշենք միայն մեկ տրամաբանական խզում՝ եթե ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը լոբբինգ է անում Ղարաբաղում խաղաղապահ ուժերի կազմում ԱՄՆ-ի ներգրավման սցենարը, որը պետք է նպաստի նոր մադրիդյան սկզբունքների կյանքի կոչմանը և Ադրբեջանը համաձայն է, ալլահը նրան օգնական, կոնֆլիկտի կողմերը կզրկվեն Ղարաբաղի հարցը ուժային միջոցներով լուծելու գայթակղությունից: Բայց հիմա Բաքուն մտահոգված է այդ նախագծի իրականացման հավանականությունից, համարելով, որ Արևմուտքը Ղարաբաղում պարզապես կենսագործում է Կոսովոյի սցենարը: Ռուսաստանի հարցում դեռ պարզություն չկա, միայն իր խաղաղապահների տեղակայման դեպքում Ռուսաստանը կարող է և խթանել գործընթացի զարգացումը Կոսովոյի տարբերակով, և «սառեցնել»՝ այդպիսով իրեն կապելով և Երևանին, և Բաքվին:
Պատահական չէ, որ Բաքվից արդեն կոչեր են հնչել ՈՒոռլիքին «առավել օբյեկտիվ համանախագահով» փոխարինելու մասին և Մոսկվային՝ ղարաբաղյան ուղղությամբ ջանքերը ակտիվացնելու վերաբերյալ: Իսկ առայժմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ «շարունակվելու են ղարաբաղյան ուղղությամբ դիվանագիտական ջանքերը» և այդ նպատակով «մենք բարձրացրել ու բարձրացնելու ենք այդ հարցը միջազգային բոլոր ամբիոններից, մեծացնելու ենք դիվանագիտական ու քաղաքական ջաքները», միաժամանակ սպառնում է «մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանում իրականացվող բոլոր նախագծերից», և «ռազմական հզորության մեծացումով»՝ փոխանակ հեռախոսը վերցնի ու զանգահարի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին և պայմանավորվի հանդիպման մասին, որպեսզի երկու-երեք քայլ առաջ անցնի, քանի դեռ դա չեն արել Արևմուտքում կամ Մոսկվայում: Ժամանակն արդեն չի սպասում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Անսպասելի վերջաբան էր, չէ՞: Ի՞նչ կարելի է հասկանալ այս հրապարակումից:
1. Իլհամ Ալիևը իրոք ԱՄՆ Կոնգրեսի քննարկումների առնչությամբ մտահոգված է, որովհետև չեն բացառվում պատժամիջոցները: Բայց Վաշինգտոնը չի շտապի այս հարցում:
2. Էլմար Մամեդյարովը հիմքեր ունի հայտարարություններ անել «Լավրովի ծրագրի» մասին, որի փակագծերը Սմոլենսկի հրապարակում չեն բացում ու չեն բացի, որովհետև այդ ծրագիրը, ինչպես «քողազերծել է» Տիգրան Բալայանը, այնքան էլ իրատեսական չէ:
3. Մոսկվան չի հրաժարվում շփման գծում ռուս խաղաղապահների տեղակայման ցանկությունից՝ մտադիր լինելով իրեն կապել և Բաքվին, և Երևանին, բայց այդ պարագայում պատասխանատու է դառնալու հրադադարի խախտման դեպքերի համար, ուստի շատ կարևոր լծակ է կորցնելու ոչ միայն տարածաշրջանում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուստի իրավիճակից ելնելով պիտի որոշում ընդունի՝ ո՞ր լծակն է ավելի ծանրակշիռ՝ գործողությունների ազատություն, թե՞ պատասխանատվություն:
4. Նոր մադրիդյան սկզբունքների խաղաղ անցումը Կոսովոյի սցենարին, որ առաջարկում է Արևմուտքը, այս պարագայում՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, չի կարող հենց այնպես տրվել՝ գին է ունենալու: Իսկ գինը մեկն է՝ տարածքների հանձնումը, այս դեպքում ոչ թե անորոշության, այլ՝ ռեալ կարգավիճակի դիմաց: Կողմերից ոչ մեկը պատրաստ չէ այդ գինը վճարել:
5. Ոչ միայն Բաքուն, այլև Մոսկվան է մտահոգ ԱՄՆ կոնգրեսմենների առաջարկի իրականացման հեռանկարից, որովհետև այդ դեպքում կոնֆլիկտի կարգավորումը նոր տրամաբանություն է ստանում կամ վերադառնում է նախկին դիրքեր՝ հրադադարի պահպանման պայմաններին, որը Բաքվին զրկում է իր կարծիքով՝ գլխավոր զենքից՝ հայերին որոշումներ պարտադրելուց: Այս տարեսկզբին իր արդեն նշված ելույթում Իլհամ Ալիևը նաև հայտարարել էր, որ շփման գծում առավելություն ունեն ու մեծացնելու են այդ առավելությունը: Հայտարարությունը կասկածելի էր, բայց տեսակետ էր ներկայացնում, որին հետևելու է Բաքուն:
6. Դիտարկման մեխանիզմների տեղակայումը անիմաստ է դարձնում խաղաղապահների ներկայությունը՝ սա ոչ Բաքվին է ձեռնտու, ոչ Մոսկվային, պատահաբար չէ Ստանիսլավ Տարասովը շեշտում, որ ռուս խաղաղապահների տեղակայմանը դեմ է միայն Հայաստանի ընդդիմությունը՝ հասկացնելով, որ իշխանությունը չի առարկում: Բայց այդպե՞ս է իրականում:
7. Նավթի գնանկման, մանաթի արժեզրկման և սոցիալական աճող դժգոհության պայմաններում Բաքուն հարկադրված է լինելու կրճատել ռազմական ծախսերը՝ հակառակ Իլհամ Ալիևի պնդումների, իսկ դա նոր իրավիճակ է ստեղծում և Ղարաբաղյան կոնֆլիկտում, որից շահում է միայն Հայաստանը:
8. Հայաստանը շահում է նաև շփման գծում դիտարկող սարքերի տեղակայումից, եթե պարզվի, որ հրադադարը խախտում է Ադրբեջանը և այդ փաստին հետևեն որոշակի քայլեր՝ պատժամիջոցների տեսքով:
9. Ժամանակն է, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան, ուզում է դա Ալիևը, թե ոչ՝ Մոսկվան արդեն համաձայն է:
10. Ստատուս քվոն դեռ կպահպանվի, բայց աշխարհում ոչինչ հավերժ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ